Ռուսաստանը Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնա-մարզական կենտրոնի բացումը գնահատում է որպես «սադրիչ քայլ»

«Ամերիկայի Ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ` Ռուսաստանը Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնա-մարզական կենտրոնի բացումը գնահատում է որպես «սադրիչ քայլ»: Այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն.

«Վրաստանի ուսումնա-մարզական կենտրոնը քայլ է, որն անկարելի է գնահատել այլ կերպ, քան` սադրիչ: Չկա որևէ անհրաժեշտություն` ՆԱՏՕ-ի կողմից այդպիսի կենտրոններ ստեղծելու համար:

Մենք բնականաբար կտեսնենք, թե ինչի մասին է խոսքը, սակայն Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների հայտնվելը հանդիսանում է լարվածության մեծացման ու տարածաշրջանային անվտանգության վատթարացման ուղղությամբ կատարված քայլ»:

Հիշեցնենք, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնա-մարզական կենտրոնի բացումը նախատեսված է ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության նոր փաթեթում, որը ներկայացվել է նախորդ տարվա սեպտեմբերին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում:

Կենտրոնը նախատեսված է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների զինծառայողներին ու վրացի զինվորականների համար: Կենտրոնի բացումը պլանավորված է մինչև ընթացիկ տարեվերջ: Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարել է, որ կենտրոնն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:

Տեսանյութեր

Լրահոս