Հրամանատարը լաց է եղել սպանված զինծառայող Հայկազի փոքրիկ եղբոր խոսքերից. «Մինասյան ձյաձյա, Հայկազին խի՞ տեր չես կանգնել, որ ինքը հիմա մահացել է» (տեսանյութ)
«Հայկազն ինձ կռվել էր սովորեցնում, ինքը մաքրասեր էր, երբ մեկը խոզավարի էր ուտում, ինքը նկատողություն էր անում, դրա համար էլ նա մահացավ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով եղբոր՝ սպանված 19-ամյա զինծառայող Հայկազի մասին՝ ասաց 8-ամյա Տիգրանը (Հայկազ Բարսեղյանի ծնողների հետ զրույցը՝ այստեղ.):
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում, Երևանում տեղակայված Վազգեն Սարգսյանի անվան ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին: Նրանք կալանավորված են:
Հայկազի ծնողները պատմում են, որ իրենց ավագ որդին՝ Հայկազը, միշտ վերահսկում էր իր կրտսեր եղբայրներին՝ 14-ամյա Դավիթին ու 8-ամյա Տիգրանին, հետևում էր, որպեսզի նրանք լավ սովորեն: Նրանք պատմում են, որ փոքրիկ երեխաները դասերը չսովորելու դեպքում Հայկազից ավելի շատ էին վախենում, քան իրենցից՝ ծնողներից: Հայկազն ուզում էր, որ իր եղբայրներն ուսմանը մեծ ուշադրություն դարձնեն, ինչպես ինքն էր արել:
«Ասում էր՝ եթե կռվել պետք լինի, դու կկռվես, բայց անտեղի տեղը մադկանց մի խփի»,- Հայկազի մասին պատմում է 8-ամյա եղբայրը:
Փոքրիկ Տիգրանը հիշում է, որ Հայկազը մի անգամ շուն էր բերել իրենց տուն, բայց վերջին շրջանում այդ շունը փախել է: Ըստ փոքրիկի՝ շունը զգացել է, որ իր տերն այլևս չկա, ու գնացել է:
Հայկազի նկարը վախեցնում է փոքրիկին, նա ընդհանրապես վախենում է մահացածների մեծ նկարներից. «Չեմ ուզում, որ մեր տանը տենց նկարներ լինեն, ես տենց նկարներից վախենում եմ»:
Նա պատմեց, որ երբ Հայկազի թաղումն ավարտվել է, ինքը մոտեցել է Հայկազի հրամանատարին ու ասել. «Մինասյան ձյաձյա, դու Հայկազին խի՞ տեր չես կանգնել, որ ինքը հիմա մահացել է»: Փոքրիկի այդ խոսքերից հետո հրամանատարը սկսել է լաց լինել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: