«Արցախն այն տեղը չէր, որ իրենք պետք է գնային իրենց քաղաքական ակցիան իրականացնեին» (տեսանյութ)
«Ի սկզբանե ինձ համար անհասկանալի էր կարգախոսը, որով առաջնորդվում էին այդ ընկերները, երկրորդը՝ կարծում եմ՝ այստեղ տեղի է ունեցել նաև պրովոկացիա, երրորդը՝ շատ լավ հասկանալի է՝ երբ Հայաստանի ներսում ինչ-որ քաղաքական ակտիվություն է լինում, դրան զուգահեռ ակտիվանում են նաև ադրբեջանական կողմը, և դա իրենք էլ շատը լավ գիետին, և կարծում եմ՝ Արցախն այն տեղը չէր, որ իրենք պետք է գնային իրենց քաղաքական ակցիան իրականացնեին, ամեն դեպքում ցանկացած բռնություն դատապարտելի է»,- խոսելով հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի՝ «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցներին նկատմամբ կիրառված բռնությունների մասին՝ այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Բերձոր շրջանում մեծաքանակ ոստիկաններ ու քաղաքացիական հագուստով անձինք հարձակում են գործել Հիմնադիր խորհրդարանի անդամների նկատմամբ, ովքեր «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթով պատրաստվում էին մեկնել Ստեփանակերտ:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն էլ համաձայնեց Ս. Ավետիսյանի այն կարծիքի հետ, թե Արցախն այն տեղը չէր, որտեղ պետք է անցկացվեր այդ ակցիան, որովհետև, ըստ նրա՝ Արցախը յուրահատուկ տեղ է, որտեղ լրիվ ուրիշ, պատերազմական իրավիճակ է: Բացի այդ՝ Ա. Սարգսյանի համար նաև անհասկանալի է ԼՂՀ-ում նման շարժում սկսելը: Միաժամանակ նա նկատեց, թե չի կարողանում հասկանալ՝ ինչքան կարելի է այսպես վարվել մարդկանց հետ.
«Վերջ ի վերջո, մենք պետությո՞ւն ենք ուզում ստեղծել, թե ի՞նչ ենք անում: Ո՞նց կարելի է դատապարտել ու դրանով ավարտել: Ո՞նց կարելի է մարդկանց ծեծել՝ օրը ցերեկով, առավել ևս, երբ նրանք արդեն վերադառնում էին: Դժվա՞ր էր կանգնեցրել Գորիսից դուրս եկած ճանապարհին՝ ասել՝ ձեզ չի արտոնված այդ երթը Արցախ, Արցախը չի ընդունելու ձեզ, հետ վերադարձեք: Անգամ եթե ասվել է, ու չեն լսել, ո՞վ է տեսել այդպես մի գունդ դուրս բերել, որոնք արդեն այն աստիճան անվերահսկելի էին, որոնք կարող են մարդկանց ոչ միայն ծեծել, այլ նաև ջարդուխուրդ անել այդ մեքենաները: Ո՞ր տրամաբանությամբ, ո՞ր կանոններով»:
Ըստ Ա. Գ. Սարգսյանը կարծում է՝ այդ օպերացիայի ղեկավարը ամենամեծ հանացագործն է. «Որովհետև մենք ժողովրդին սովորեցնում ենք, որ այդ ամեն ինչը կարելի է, որովհետև իշխանությունն է այդպես որոշել: Մենք սա՞ ենք ուզում»:
Ս. Ավետիսյանի խոսքով, իհարկե, դատապարելի է կատարվածը, բայց ո՞վ կարող է ասել՝ գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ. «Այն, ինչ մենք տեսել ենք, կարծես մի կողմն ենք տեսել, բայց պետք է հասկանանք ամբողջ էությունը:
Մենք անընդհատ խոսում ենք իրավունքից, բայց մեր շատ քաղաքացիներ, կարծես թե, չեն հասկանում նաև պարտականություն հասկացությունը: Եթե խոսում ենք իրավունքից, խոսենք նաև քաղաքացու, անձի պարտականությունների մասին»:
Ա. Գ. Սարգսյաննն էլ նկատեց, որ անձի պարտականությունը օրենքին, իշխանությանը ենթարկվելն է. «Իշխանությունն ասում է՝ արգելում եմ, ինքը վերադառնում է, շարունակում են այդ ամեն ինչը: Եղբայր, այս ամբողջը գալիս է նրանից, որ ամեն անգամ այսպիսի դեպքերը մնում են անպատիժ, հասարակությունը սովորում է այս ամեն ինչին: Ձեզ սա ավելի շատ պետք է մտահոգի»:
Մանրամասները՝ տեսանյութում: