«Շրջանառության հարկի մասին» օրենքի հարցով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի
Քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի ակցիա իրականացնող Փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչների (ՓՄՁ) հետ հանդիպման եկան ԱԺ «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Վահան Բաբայանը։
Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ, ինչպես ուրբաթ օրը բողոքի ակցիայի մասնակիցներին խոստացել էին, այսօր ԱԺ ոչ իշխանական ուժերի եռյակը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգությունը», ԱԺ-ում բարձրացրել է «Շրջանառության հարկի մասին» օրենքը վերանայելու համար արտահերթ նիստ հրավիրելու հարցը։ Նա նշեց, որ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 44 ստորագրություն, սակայն արդեն կա 48 ստորագրություն, և ժամը 18։30-ին արտահերթ նիստ է հրավիրվել։ «Հետաձգումը՝ հետաձգում, բայց այս հարցին պետք է լուծում տրվի։ Մենք իրար հետ միասին պետք է պայքարենք հաջողության հասնելու համար»,- նշեց Միքայել Մելքումյանը։ Նա տեղեկացրեց, որ իրենք պահանջելու են հստակ ժամկետներ սահմանել, թե ե՞րբ է այս հարցը լուծում ստանալու։
Վահան Բաբայանն էլ հայտարարեց, որ օրենքի կիրառման հետաձգումը երկրորդ անգամ՝ արդեն փափուկ բարձի քաղաքականություն է։ «Եթե ուզում եք հարցը վերջնական լուծում ստանա, պետք է պայքարենք մինչև վերջ։ «Բարգավաճ Հայաստանը» մինչև վերջ կլինի ձեր կողքին»,- նշեց Վահան Բաբայանը։
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ էր մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ տոնավաճառների աշխատողներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում է 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Ըստ կառավարության՝ նոր օրենքը հնարավորություն կտա խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ: ՓՄՁ ներկայացուցիչների բողոքներից հետո՝ հոկտեմբերի 6-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում առկա գույքագրման պահանջը մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել:
Փոքր ու միջին ձեռնարկատերերը մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ են կազմակերպում Կառավարության շենքի և նախագահական նստավայրի առջև: Նրանք նույնիսկ հայտարարեցին անժամկետ նստացույց սկսելու մասին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ ընդունել էր ցուցարարների 15 հոգանոց պատվիրակությանը և խոստացել պատասխանել այսօր՝ երկուշաբթի օրը, ժամը 18:00-ին: Այդ ընթացքում կառավարությունը որոշում կայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումը հետաձգել մինչև հուլիս ամիս: ՓՄՁ-ների ներկայացուցիչներին այդ որոշումը չի գոհացնում, և այժմ նրանք ԱԺ շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք նշում են, որ կրկնվում է հոկտեմբերի նույն սցենարը, և կառավարությունն այդպիսով ընդամենն ուզում է ժամանակ շահել։



