Ջոն Քերին փետրվարի 5-ին կժամանի Կիև
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 5-ին կմեկնի Ուկրաինայի մայրաքաղաք Կիև: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին:
Նրա խոսքերով` Քերին Կիևում հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի ու արտգործնախարար Պավել Կլիմկինի, ինչպես նաև ուկրաինացի պատգամավորների հետ: Փսակին ընդգծել է, որ Քերիի այցն ի ցույց կդնի Ուկրաինայի ու նրա ժողովրդի հանդեպ ԱՄՆ-ի աջակցությունը:
Փսակին հավելել է, որ Ջոն Քերին փետրվարի 6-8-ին Մյունխենում կմասնակցի 51-րդ Անվտանգության կոնֆերանսի աշխատանքներին, որի շրջանակներում էլ նա հանդիպումներ կունենա Գերմանիայի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի ու Սերգեյ Լավրովի հետ:
Փսակին չի պատասխանել Քերիի մոսկովյան այցի մասին հարցին: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Ջոն Քերին կարող է փետրվարի սկզբին ժամանել Մոսկվա: