Աբաշիձե-Կարասին ձևաչափը պահպանվում է
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի ու Ռուսաստանի միջև Աբաշիձե-Կարասին ձևաչափով երկխոսությունը պահպանվում է: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե ԱՄՆ-ում գտնվող Վրաստանի փոխարտգործնախարար Թամար Բերուչաշվիլին հայտարարել է, որ կասեցվել է առևտրային հարցերի շուրջ Վրաստանի ու Ռուսաստանի միջև երկխոսությունը: Դրանից հետո ԶԼՄ-ները սկսել էին գրել երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության կասեցման հնարավորության մասին:
Աբաշիձեն, սակայն, վստահեցրել է, որ դա այդպես չէ, և որ Վրաստանի ու Ռուսաստանի միջև զարգանում են առևտրային-տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև պահպանվում է Ռուսաստանի հետ հաղորդակցվելու ձևաչափը: Աբաշիձեի խոսքերով` չի պլանավորվում որևէ վերանայում:
Աբաշիձեի ու Կարասինի երկխոսության վերջին փուլն անցկացվել է հոկտեմբերի 16-ին, Պրահայում: