«Վարդան Պետրոսյանն այն մարդը չէր, որին այսքան երկար պետք է ստորացնեին, նվաստացնեին…». Աշխեն Պետրոսյան
«Ես սպասում էի, որ կարող է ավելի վատ լինել, բայց ընդհանրապես ես մտածում էի, որ Վարդան Պետրոսյանին պիտի դատարանի դահլիճից ազատ արձակեին, կամ` եթե դատարանի դահլիճից ազատ չեն արձակում այս պահին, ինքը կարող էր վերացնել նախնական կալանքը Վարդանի վրայից, և Վարդանը կարող էր դրսում լինելով` փակել այն բոլոր բաները… ֆինանսական պահանջները, մնացած ամեն ինչը: Գոնե մեկ անգամ մեր արդարադատությունը պետք է ցույց տար, որ ինքն արդարադատություն է, ոչ թե սուտ «գոյություն ունեցող մի բան»:
Վարդան Պետրոսյանն այն մարդը չէր, որին այսքան երկար պետք է ստորացնեին, նվաստացնեին, ամեն տեսակի այլանդակ բաներ անեին իր հանդեպ: Բայց տեսեք, թե ինքն ինչ ազնվորեն, գլուխը բարձր կերպով դուրս եկավ այս ամեն ինչի միջից»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի քույրը` Աշխեն Պետրոսյանը` խոսելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի կողմից կայացված դատավճռի մասին:
Հիշեցնենք, որ դատարանի վճռով այսօր Վարդան Պետրոսյանը մեղավոր ճանաչվեց` դատապարտվելով 5 տարվա ազատազրկման:
Աշխեն Պետրոսյանը մաղթեց, որպեսզի բոլոր հարցերը արագորեն կլուծվեն ու Վարդան Պետրոսյանը դրսում լինի, «որովհետև Վարդանի հանդիսատեսն իրեն է սպասում»: Աշխեն Պետրոսյանը ևս կարծիք հայտնեց, որ դատավճիռը չեն բողոքարկի:
Իսկ հարցին, թե ինչո՞ւ չհաջողվեց համաձայնության գալ տուժողների հետ, Աշխեն Պետրոսյանը պատասխանեց, որ այդ մասին բոլորովին չի ցանկանում խոսել: