Իվանիշվիլին Սաակաշվիլուն ու նրա կողմնակիցներին առաջարկել է նախևառաջ Դոնբաս ուղարկել իրենց զավակներին

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը սպառնալիք է ներկայացնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ համայն աշխարհի համար:

Իվանիշվիլին Ռուսաստանի ու Աբխազիայի միջև դաշնակցային պայմանագիր ստորագրելը որակել է որպես վրացական տարածքների բռնակցման ուղղությամբ հերթական քայլ:

Իվանիշվիլին սխալ է համարում Վրաստանի նախկին իշխանությունների ու անձամբ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու այն կոչերը, որ վրացիները պատերազմեն Ուկրաինայում:

Իվանիշվիլին նախկին նախագահին ու նրա կողմնակիցներին առաջարկել է նախևառաջ այնտեղ ուղարկել իրենց զավակներին: Ուկրաինայում արդեն իսկ զոհվել է Վրաստանի երկու քաղաքացի:

Իվանիշվիլին ընդգծել է, որ որևէ վատ բան չկա նրանում, որ բարեկամական Ուկրաինայում պաշտոններ ստանան այն վրացիները, որոնք չեն գտնվում հետախուզման մեջ, սակայն այդ անձինք խայտառակել են իրենց Վրաստանում և հետևաբար նույն սխալները կարող են գործել նաև այնտեղ:

Տեսանյութեր

Լրահոս