Բաժիններ՝

Ռուս ոստիկանները փչացրել են ադրբեջանցի «օրենքով գողի» ծննդյան տարեդարձը (տեսանյութ)

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նախօրեին Մոսկվայի «Նեոլիթ» սրճարանում  ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները փչացրել են 54-ամյա ադրբաջանցի «օրենքով գող» Յունուս Նազարովի ծննդյան տոնակատարությունը։ Քրեական շրջանակներում Յունուս Յասամալսկի անունով հայտնի Նազարովին բերման են ենթարկել պատվին կազմակերպված արարողության վայրից, որին մասնակցում էին մոտ 50 հոգի։

Նազարովը հազվադեպ է հայտնվել ռուս իրավապահների ուշադրության կենտրոնում։ Վերջին անգամ նա ձերբակալվել էր Ձերժինսկում 2003 թվականին՝ միգրացիոն ռեժիմը խախտելու համար։ Ամեն դեպքում, ՔՀ աշխատակիցների համար սա առաջին ծանոթությունն էր Նազարովի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինս հանդիսանում է ադրբեջանցի ամենատարեց և փորձառու «օրենքով գողերից» մեկը։ Օպերատիվ տվյալներով՝ նա «օրենքով գող» է արդեն 30 տարի, ինչը հազվադեպ երևույթ է ներկայիս քրեական հեղինակությունների շրջանում։ Նազարովը հարում է, այսպես կոչված, «դեդական կլանին», ինչով էլ բացատրվում է նրա ներկայությունը Մոսկվայում։ Ընդ որում, նրա 50 հյուրերից ոչ ոք «օրենքով գող» չի եղել։

Ի բարեբախտություն իրեն՝ ընդհանուր առմամբ 20 տարի բանտում անցկացրած Նազարովը կրկին չի հայտնվի ճաղերի ետևում։  Ադրբեջանի քաղաքացուն մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի տարածքում ապօրինի գտնվելու համար և հանձնել Դաշնային միգրացիոն ծառայությունը՝ նրան իր հայրենիք ուղարկելու համար։

Նազարովի խոսքով՝ վերջին անգամ ինքը ռուսական սահմանը հատել է 3-4 ամիս առաջ, իսկ Մոսկվա եկել էր իբր առողջությունը վերականգնելու նպատակով։ Գործակալությունը հիշեցնում է, որ 2008 թվականին Բաքվի թիվ մեկ դատապարտյալների հիվանդանոցում Նազարովի վրա քնած ժամանակ կացնով հարձակվել էր դատապարտյալներից մեկը՝ անձնական թշնամանքի հողի վրա։ Վնասվածքը, սակայն, մահացու չէր եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս