Սաակաշվիլին քննադատել է Վրաստանի իշխանություններին՝ Ուկրաինայում զոհված կամավորականի հուղարկավորությանը չմասնակցելու համար
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հերոս է անվանել Ուկրաինայում զոհված վրացի զինվորական Թամազ Սուխիաշվիլուն, ով մարտնչել է Ուկրաինայի իշխանությունների կողմից:
Սաակաշվիլին քննադատել է գործող իշխանությունների ներկայացուցիչներին՝ Սուխիաշվիլու հուղարկավորությանը չմասնակցելու համար: Վրաստանի քաղաքացի, 37-ամյա Թամազ Սուխիաշվիլին հունվարի 18-ի երեկոյան զոհվել է Դոնեցկի օդանավակայանի շրջանում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ:
Վրաստանի ևս երեք քաղաքացի վիրավորվել է: Սուխաշվիլուն երեկ հուղարկավորել են Խաշուրիի շրջանի հայրենի գյուղում: Դրա հետ կապված՝ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է. «Տեղի ունեցավ վրացի հերոս, սպա Սուխիաշվիլու հուղարկավորությունը:
Մի քանի օր առաջ նա թշնամուց խլել է կարևոր դիրք, մարմնով ծածկել է նռնակը՝ դրանով իսկ մահից փրկելով իր մարտական ընկերներին, որոնց թվում կան մի քանի վրացիներ: Իշխանությունների որևէ ներկայացուցիչ չի եկել հուղարկավորությանը: Մենք և նրանք իրականում ներկայացնում ենք տարբեր Վրաստան»: