Բաժիններ՝

Ռուսական ընդդիմությունը մարտի 1-ին Մոսկվայում կանցկացնի «Գարուն» հակաճգնաժամային երթը

Kasparov.ru կայքի փոխանցմամբ՝ ռուսական ընդդիմությունը պատրաստվում է մարտի 1-ին անցկացնել բազմահազարանոց «Գարուն» հակաճգնաժամային երթ: Այս մասին սոցցանցերից մեկում գրել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը.

«Մենք վստահ ենք, որ այդ երթի նախապատրաստմանը պետք է մասնակցեն հնարավորինս մեծ թվով մարդիկ ու կազմակերպություններ: Եթե նախապատրաստությանը մասնակցի 10.000 մարդ, ապա մենք փողոց դուրս կբերենք 100-150.000 մարդու, և հնարավոր չի լինի խուսափել մեր պահանջներից»:

Ակցիայի մասնակիցները պահանջելու են ընդդիմադիր կուսակցություններին թույլատրել մասնակցել ընտրություններին, վերջ դնել Ուկրաինայի հետ պատերազմին ու ագրեսիվ մյուս գործողություններին, դատապարտել կոռումպացված պաշտոնյաներին, վերացնել գրաքննությունը, անցկացնել դատական բարեփոխումներ ու իշխանության ապակենտրոնացում: Ակցիայի կազմակերպիչները մտադիր են պահանջել նաև սոցիալ-տնտեսական փոփոխություններ:

Նեմցովը հայտարարել է. «Մենք բոլորին կոչ ենք անում Ռուսաստանի պետական դրոշի ներքո դուրս գալ Հակաճգնաժամային երթի: Ժամանակն է, որ բոլորը հասկանան, որ Պուտինը ճգնաժամ է, Պուտինը պատերազմ է: Կա Պուտինը, կան ճգնաժամն ու պատերազմը, չկա Պուտինը՝ չկան ճգնաժամն ու պատերազմը: Պուտինը պետք է հեռանա՝ հանուն մեր երկրի խաղաղության ու բարգավաճման»:

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր կայքում բոլորին կոչ է արել մարտի 1-ին մասնակցել «Գարուն» հակաճգնաժամային երթին և Ռուսաստանը փրկել ճգնաժամից: Նավալնին հայտարարել է, որ Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում 100.000-անոց երթ անցկացնելու մասին հայտը ներկայացնելու են սահմանված կարգով, սահմանված ժամկետում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս