Կառավարության աշխատակցի պատասխանը չգոհացրեց ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)
Քիչ առաջ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա իրականացնող ՓՄՁ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման իջավ ՀՀ կառավարության դիմում-բողոքների ընդունման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Պատասխանելով ակցիայի մասնակիցների հարցերին՝ նա տեղեկացրեց, որ այս պահին ՀՀ վարչապետը կառավարության շենքում չէ, մասնակցում է աշխատանքային քննարկման։
Հարցին, թե հանդիպելո՞ւ է վարչապետը քաղաքացիների հետ, նա պատասխանեց, որ «վարչապետն ինքն է որոշում, իսկ եթե նա նման որոշում կայացանի, ինքը կիջնի և կտեղեկացնի ակցիայի մասնակիցներին»։
Ա. Ղազարյանը նաև տեղեկացրեց, որ ՓՄՁ-ների համագործակցության ասոցիացիայի նամակը, որը ուղարկվել է դեկտեմբեր ամսին, վարչապետը նայել է և ուղարկել է ֆինանսների նախարարություն, որտեղից էլ իրենք կարող են ստանալ նամակի պատասխանը։ Ալեքսանդր Ղազարյանի հեռանալուց հետո ակցիայի մասնակից Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ կառավարության աշխատակցի պատասխանն իրենց չի գոհացրել։