Բուրջանաձեն չի պատրաստվում միավորվել «Վրացական երազանքի» հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Միացյալ դեմոկրատական շարժման» ղեկավար Նինո Բուրջանաձեն չի բացառել քաղաքական տարբեր ուժերի հետ համագործակցելը, սակայն անհրաժեշտություն չի տեսնում «Վրացական երազանքի» հետ միավորվելում:
Ավելի վաղ փորձագետ Սոսո Ցինցաձեն կարծիք էր հայտնել, որ իշխող «Վրացական երազանք» դաշինքը և Նինո Բուրջանաձեն կարող են միավորվել 2016 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ: Դրա հետ կապված՝ Բուրջանաձեն հայտարարել է.
««Վրացական երազանքի» հետ մեր միաձուլման մասին խոսք լինել չի կարող, քանի որ ես չեմ տեսնում դրա անհրաժեշտությունը: Դեռևս 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ մենք Իվանիշվիլուն առաջարկեցինք համագործակցել, սակայն այն ժամանակ Իվանիշվիլին համարեց, որ ամեն ինչի մասին այնքան քաջատեղյակ է, որ պատրաստվում է երկրի խնդիրները լուծել ինքնուրույն:
Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ արեցին նրանք. նրանք միայն փոխարինեցին իշխանություններին: Ես չեմ բացառում քաղաքական որևէ ուժի հետ համագործակցությունը: Ներկայումս մենք չենք կարող համագործակցել իշխանության հետ, քանի որ նրանք ընդդիմադիր կուսակցությունների հետ զրուցելու ցանկություն չեն հայտնել»: