ՓՄՁ ոլորտի առևտրականները կրկին կառավարության մոտ են (տեսանյութ)
Այս պահին կառավարության շենքի դիմաց մի շարք ՓՄՁ-ի ներկայացուցիչներ շարունակում են երեկվա բողոքի ակցիան՝ ընդդեմ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի։
168-am-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակիցներնից ոմանք նշեցին, որ եթե օրենքը չփոխեն, իրենք կնստեն հացադուլի և նստացույցի։ Նրանք պատմում են, որ հոկտեմբեր ամսին երբ օրենքը հետաձգեցին իրենց խոստացան, որ այդ ընթացքում հանդիպումներ տեղի կունենան իրենց հետ և կբացատրեն ամբողջ փաստաթղթավորման ընթացքը։
Սակայն ոչ մի հանդիպում տեղի չի ունեցել մինչ օրս։ Նրանք պահանջում են, որ օրենքը գործի, բայց կամավոր սկզբունքով։
Ակցիայի մասնակիցները բողոքում են նաև, որ 110 հազար առևտրականներից 3 հազարն էլ չի գալիս ակցիայի.
«Ոչ մեկ չի գիտակցում իրենց գլխին ինչ է գալու ամսի 1-ից հետո»։
Նշենք նաև, որ այստեղ ակցիային մասնակցող որոշ մարդկանց մնացած մասնակիցները մեղադրում են հատուկ ուժերի կողմից ուղարկված լինելու մեջ։ Մի կին, որ երեկվանից մասնակցում է ակցիային և ներկայանում որպես Ֆիրդուսի տոնավաճառում աշխատող առևտրական, ակցիայի մասնակիցների խոսքով, ինքնակոչ է և ուղարկված է հատուկ խառնակչություններ հրահրելու համար։
Այդ կինը արդարանում է՝ ասելով, որ ինքը բացի օրենքի կասեցումից ոչինչ չի պահանջում։ Այժմ ակցիայի մասնակիցները որոշում են՝ արդյո՞ք նպատահարմար է վարչապետի հետ հանդիպում ունենալ, թե պահանջել, որ նա իջնի։