Բաքվում խստացվել է դեսպանատների անվտանգությունը՝ կապված «Իսլամական պետության» սպառնալիքի հետ
Ադրբեջանական Yeni Müsavat թերթի փոխանցմամբ՝ հունվարին միջազգային ԶԼՄ-ներում ի հայտ են եկել Ադրբեջանում «Իսլամական պետության» սպառնալիքի մասին մի շարք հոդվածներ:
Դրա հետ կապված՝ Բաքվում ձեռնարկվել են հատուկ միջոցներ, որոնք կապված են աշխարհի առաջատար երկրների ու եվրոպական երկրների դիվանագիտական կորպուսների անվտանգության ապահովման հետ: Դեսպանատների անվտանգությունն ապահովում են իրավապահ մարմինները, հատուկ ծառայություններն ու հետախուզությունը:
Օրեր առաջ եվրոպական Another Western Dawn News պարբերականը հայտնել էր, որ «Իսլամական պետության» ներքին գործերի նախարար Աբդուլ Վահիդ Խուդայար Ահմադն ադրբեջանցի զինյալներին կոչ է արել զինված պայքար մղել Արևմուտքի աջակցությունը վայելող ադրբեջանական իշխանությունների դեմ.
«Մենք պետք է փրկենք Բաքուն՝ իսլամի արժեքավոր քաղաքներից մեկը: Անկասկած է, որ վերականգնվելու է իսլամական աշխարհում Ադրբեջանի ու նրա ռեսուրսների տեղը»: Պարբերականը վստահեցնում է, որ Սաուդյան Արաբիան, իսլամական ջիհադականներ ուղարկելով ու ֆինանսավորելով, 1998 թվականից սկսել է Ադրբեջանում գաղտնի պատրաստել ու ձևավորել արմատական մոջահեդների:
Պարբերականն ընդգծում է, որ հետագայում Սիրիայում մարտնչողները եղել են հենց նրանք, ովքեր նախապատրաստություն են անցել այդ ջոկատներում: Ուշագարավ է, որ դրանից օրեր անց (թուրք ազգայնականների) Yeni Çağ թերթը նույնպես հոդված հրապարակեց Ադրբեջանում «Իսլամական պետության» գործունեության ուժեղացման մասին:
Դրանում նշված էր, որ իսլամականների 90 տոկոսը Սիրիա է մեկնում Թուրքիայի տարածքով: Թերթի պնդմամբ՝ «Իսլամական պետության» ձեռքերը հասել են նաև Ադրբեջանին, և համապատասխան նախապատրաստությունից հետո երիտասարդ արմատականներն իրենց ընտանիքների հետ Թուրքիայի տարածքով մեկնում են Սիրիա, իսկ նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ, Բաքվում կհայտնվեն կալանավորման վտանգի տակ: