Լավրովի գործի շարունակողը
«Տեղին չէ ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է վերանայվեն»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան հարցին՝ արդյոք Հայաստանի իշխանություններին բավարարո՞ւմ է հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը: Նալբանդյանը, ամենայն հավանականությամբ, ասուլիս էր հրավիրել հենց այդ միտքը հնչեցնելու համար, թեև լրագրողների հետ հանդիպման նպատակը 2014 թվականին ԱԳՆ-ի գործունեության արդյունքների ամփոփումն էր:
Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից, Ռուսաստանի կողմից դրան հետևած, մեղմ ասած, ոչ բարեկամական վերաբերմունքից հետո, հայ-ադրբեջանական սահմանին օրեցօր աճող լարվածության ու դրա վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայության ֆոնին՝ երեկ ՀՀ արտգործնախարարը խոսել է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթի, դրանք խորացնելու անհրաժեշտության ու կարևորության մասին:
Այլ կերպ ասած, նա իր գոհունակությունն է հայտնել Գյումրիում տեղի ունեցածից հետո Պերմյակովին ՀՀ իրավապահներին չհանձնելու, ռուսական քարոզչության ցինիզմի, ՌԴ դեսպանատան վիրավորական հայտարարությունների ու ընդհանրապես Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ դրսևորվող քաղաքականության վերաբերյալ: Չպետք է կասկածել՝ ռուսական կողմն էլ իր հերթին՝ գոհ կլինի Նալբանդյանից՝ ՀՀ արտգործնախարարի պաշտոնում այդքան սրտացավորեն, առաջին հերթին՝ Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար:
Անցած տարի, ի դեպ, Էդվարդ Նալբանդյանն արժանացել էր ՄԳԻՄՕ-ի պատվավոր դոկտորի կոչման: Տարին դեռ նոր է սկսվել՝ Նալբանդյանը կարող է սպասել նորանոր կոչումների: