Բացահայտումները կներկայացնեն ԱԺ 7-րդ նստաշրջանի սկզբում
Հայաստանում սպառվող գազի հետ կապված խնդիրների վերաբերյալ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր բացահայտումները կներկայացնի Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի մեկնարկի սկզբում: Այս մասին 168.am-ին հայտնեց հանձնաժողովի անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Գազի հանձնաժողովը դեռ անցած տարի դեկտեմբերին պետք է հանդես գար հաղորդմամբ, բայց չհասցրեց: Ըստ այդ հաղորդման՝ ԱԺ-ն կորոշի՝ արդոք անհրաժեշտություն կա՞ հանձնաժողովի գործունեությունը երկարացնելու, թե՞ ոչ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հանձնաժողովն ուսումնասիրել է գազի հետ կապված 4 խումբ հարցեր՝ կալորիականություն, ընկերության 20%-ի մասնավորեցման ու 300 մլն դոլար պարտքի օրինականություն, ՀՀ-ի՝ որպես տրանզիտային երկրի հնարավորությունները և սակագնի ձևավորման ու դրա ազդեցությունը էլեկտրաէներգիայի գների վրա:
Առաջին 3 հարցերի քննությունն ավարտված է, 4-րդն էլ գրեթե ավարտված է, բայց լուրջ հարցեր կան կորուստների չափի հետ կապված, որ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել: