Իրանցի պատգամավորներին զայրացրել է Զարիֆի ու Քերիի համատեղ զբոսանքը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատասխան կտա երկրի խորհրդարանի առջև՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զբոսանքի համար:

Իրանցի պատգամավորներին զայրացրել է այն, որ հունվարի 14-ին Ժնևում Իրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացված բանակցությունների ժամանակ Զարիֆը 15 րոպե զբոսնել է Քերիի հետ: Դրա հետ կապված՝ Իրանի խորհրդարանում կազմակերպվել է հանրագիր, որպեսզի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պատասխան տա իր արարքի համար:

Դրա տակ իրենց ստորագրությունն են դրել 21 պատգամավոր: Փաստաթղթում նշված է. «Հաշվի առնելով, որ Մեծ սատանան մշտապես ներկայացնում է անվերջ պահանջներ ու խափանում է միջուկային բանակցությունները, որևէ իմաստալից բացատրություն չկա Իրանի ու Ամերիկայի արտգործնախարարների ինտիմ մերձեցման համար»:

Փաստաթղթում ընդգծվում է, որ «Ժնևի մայթերով ցուցադրական զբոսանքը» հակասում է դիվանագիտության նորմերին: Զարիֆը հայտարարել է, որ չի գործել դատապարտելի որևէ արարք: Նրա խոսքերով՝ լուրջ բանակցությունների ժամանակ ոչ պաշտոնական զրույցների համար ընդմիջումները սովորական երևույթ են դիվանագիտական աշխարհում:

Տեսանյութեր

Լրահոս