Բաժիններ՝

«Տարբեր տիպի տեխնոլոգիաներով հակառուսական տրամադրությունների սրման պրոցես է գնում». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

«Ժողովուրդը, որն ապրում է ռուսական ռազմաբազայի շրջակայքում, ցանկություն ունի ապահովագրված լինել նրանից, որ վաղը բազայի տարածքից մեկը տանկով կամ ինքնաթիռով դուրս չի գա ու փորձի ռմբակոծել ինչ-որ տարածք կամ որևէ  բան անել, բայց այն, որ բազան պետք է մնա ներկա պահին և ինչ-որ ժամանակ, դա պարզ է»,- այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով ռուսական ռազմաբազան Հայատանում պահելու կարևորության մասին՝ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Ըստ Տ. Քոչարյանի՝ մարդիկ կան, որոնք օգտվում են այդ բազայի դուրս գալուց, փորձում են պահանջել, որ ռազմաբազան հանեն և այլն. «Հիմա մարդիկ կան, որոնք այդ ցասման ալիքի վրա, իրոք, անկեղծ մտածում են, որ եթե բազան հանեն, այլևս նման դեպք չի կրկնվի, մարդիկ էլ կան, որ նպատակադրված, տարիների ընթացքում անընդհատ պայքարում են բազան դուրս հանելու համար: Փառք Աստծո, վերջին 10-15 տարվա ընթացքում մենք շատ լավ օրինակներ ունենք մեր աչքի առաջ մեր հարևանների և խորհրդային միության երկրների մասով: Մենք տեսնում ենք, որ այնտեղից, որտեղից ռուսական բազան դուրս է գալիս, և տվյալ երկիրը «թարսվում» է Ռուսաստանի հետ, ինչ է կատարաում այդ երկրում՝ մենք ունենք Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի օրինակը: Արդյոք մեզ անհրաժե՞շտ է նույն քայլերը կատարել»:

Ըստ փորձագետի՝ տեղեկատվական դաշտում փորձ է արվում Հայաստանի և Ռուսաստանի՝ և՛ պետությունների, և՛ ժողովուրդների մակարդակով բախում առաջացնել՝ և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում:

Փորձագետի համար ակնհայտ է՝  հակառուսական կողմում շատ լավ աշխատում են Ուկրաինան և Վրաստանը, որովհետև ամեն մեկն իր խնդիրներն ունի Ռուսաստանի հետ. «Տեղեկատվական դաշտն ուղղակի ողողված է ուկրաինացիների սադրանքներով, ապատեղեկատվություններով, բայց հիմնական ուղղություն է՝ հրահրել այդ հակառուսական տրամադրությունները: Ադրբեջանն իր կողմից է մտել, որ արդեն Հայաստանի ներսում հակառուսական տրամադրություններ արթնացնի: Տարբեր տիպի տեխնոլոգիաներով այդ սրման պրոցեսը գնում է: Այսինքն՝ պետք է շատ ուշադիր լինել և հետևել: Աստված չտա, որ Ռուսաստանում սկսեն ոչ միայն հայերին ճնշել, այլև վրեժ լուծեն»:

Տ. Քոչարյանը կարծում է՝ իրավապահ մարմիններն ինչքան արագ փորձեն ինֆորմացիա տալ Գյումրիի ոճրագործության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի գործից, այնքան ավելի լավ, որովհետև ինֆորմացիայի պակասը բերում է բազմաթիվ լուրերի և ասեկոսեների առաջացմանը, որոնք մասնագետների դեպքում՝ շատ ճիշտ կարող են ուղղորդվել այն ուղղությամբ, որով ցանկություն կա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս