Գարիբաշվիլին Դավոսում ուշադրություն է հրավիրել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կարևորության վրա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում երեկ մասնակցել է «Եվրոպայի սահմանային տնտեսական շրջանները» թեմայով քննարկման, որում ընդգծել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու նախագծի կարևորությունը:

Գարիբաշվիլին քննարկման մասնակիցներին իրազեկել է առևտրային ու տնտեսական նոր երթուղիների վերաբերյալ Վրաստանի իշխանությունների տեսլականը. «Ընդարձակ տարածքներում հաղորդակցային երթուղիների ուժեղացումն ունի վճռորոշ նշանակություն Եվրասիա տարածաշրջանի կայուն զարգացման համար:

Տարածաշրջանին անհրաժեշտ են արագ, տնտեսող ու հուսալի աղբյուրներ` Չինաստանից Եվրոպա ապրանքներ փոխադրելու համար: Այդ տեսանկյունից հատկապես այժմեական է ԲԹԿ երկաթուղին, որի նպատակը Վրաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ երթուղի ապահովելն է, որը միմյանց կկապի Ասիայի ու Եվրոպայի երկրներին:

Նախագծի գործարկումից հետո Չինաստանից եվրոպական շուկա ապրանքների փոխադրման ժամկետը կկրճատվի երկու անգամ, իսկ ճանապարհի հեռավորությունը` գրեթե 7500 կիլոմետրով»: Գարիբաշվիլին հյուրերին հրավիրել է մասնակցել Մետաքսե ճանապարհի առաջին ֆորումին, որը Թբիլիսիում անցկացվելու է այս տարի:

Տեսանյութեր

Լրահոս