Լևոն Բարսեղյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. «Մտածում ես՝ բոլորս հիշողություններս կորցրե՞լ ենք»
«Ես ընդհանրապես չէի ուզենա մեկնաբանել Քոչարյանի ելույթները, մինչև ինքը կփորձի հիշել, թե հիմիկվա իշխանության մեջ ո՞ւմ կադրերն են նստած, ո՞վ է դրանց բերել, ո՞վ է դրանց փոխանցել իշխանությունը, հետո նոր թող խոսա»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում արված որոշ ուշագրավ դիտարկումների մասին՝ ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահն իր հարցազրույցում անդրադարձել էր Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությանը՝ ասելով. «Պայթյունավտանգ իրավիճակը կանխելու համար անհրաժեշտ էին իշխանությունների կայծակնային առաջանցիկ գործողությունները: Եվ առաջին հերթին՝ միանշանակ հավաստիացումներն առ այն, որ ոճրագործությունը կհետաքննվի հայաստանյան իրավապահ մարմինների կողմից, ու հանցագործը կկանգնի ՀՀ դատարանի առաջ: Մեր պաշտոնյաների լղոզված, իրարամերժ և շփոթված հայտարարությունները յուղ լցրեցին կրակի վրա, և առանց այդ էլ լարված իրավիճակին ազգային նվաստացման երանգ հաղորդեցին»:
Լ. Բարսեղյանի խոսքով՝ այնպես չէ, որ մարդը 50-60 տարեկանում նոր սկսում է փոխվել. «Այսինքն՝ ինքն այդ մարդկանց գիտեր շատ վաղուց՝ Սերժ Սարգսյանին, ում քննադատում է, և նրան է փոխանցել իշխանությունը՝ բազմաթիվ օրինազանցությունների, ընտրողներին կաշառելու, վարչական իրավախախտումների, վարչական ռեսուրսի չարաշահումների միջոցով… Ո՞ւմ է ասում, ո՞վ է ասում: Թող գնա Սերժ Սարգսյանի մոտ, իրար հետ խոսեն, թե հետո ո՞նց են այս հնդկական կինոն շարունակելու: Ճիշտ է, մենք իրեն չենք մոռանում, ինչքան սուս մնար, այնքան ավելի հանգիստ կլիներ իր վիճակը: Ուզում է՝ 80 հատ վեբկայք բացի, ուզում է՝ կրկնակի միլիարդատեր դառնա, իր արածները հո չե՞նք մոռանալու»:
Լ. Բարսեղյանը կարծում է՝ մարդը պետք է նախ իր արածների համար հաշիվ տա, հետո սկսի քննադատել այլոց, մանավանդ՝ այդ «այլքը» Ռ. Քոչարյանի կադրերն են. «Ենթադրենք՝ ոչ մի հանցագործություն, զանցանք չի եղել իշխանության կողմից իր կառավարման ժամանակ, բայց քո կադրերն են, ախպեր ջան, այդ ո՞նց եղավ: Այս մարդիկ երկնքի՞ց ընկան, թե՞ մենք իրենց փչացրեցինք»:
Մեր հարցին՝ իշխանություններին ժամանակ առ ժամանակ քննադատելով ու նման ընդդիմադիր կեցվածք ընդունելով՝ արդյո՞ք Ռ. Քոչարյանը փորձում է նորից իշխանության գալ, Լ. Բարսեղյանը պատասխանեց՝ բացառված չէ.
«Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանն իրար հետ շղթայված են ճակատագրով և իրենց վարքով, դա մեր աչքերի առաջ է, գոնե վերջին 20 տարվա ընթացքում, և այդ ձևական շոուներն ընդամենն «ավելի լավ իշխանություն» խաղալու կռիվ է: Ձեր արածների համար բացատրություն տվեք: Թող բացատրի, թե ո՞նց եղավ, որ մեր ռազմավարական դաշնակցին 92 միլիոն դոլար պարտքի դիմաց՝ 1 միլիարդ ունեցվածք տվեցին, հետո տոկոս էլ եկավ վրեն՝ 2.5 միլիոն դոլար էլ տվեցին, Մարտի 1-ը ո՞նց արեցիր, պարոն Քոչարյան… Բացատրություն տուր, հետո նոր սկսիր խոսել, մենք քո միամի՞տն ենք, թե՞ մտածում ես՝ բոլորս հիշողություններս կորցրել ենք»: