ԵՄ-ը կարող է Ուկրաինայի համար նախատեսած օգնության ծավալը հասցնել մինչև 2.5 միլիարդ եվրոյի
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների ֆինանսների նախարարները երեքշաբթի կքննարկեն հավելյալ միջոցների հատկացման հարցը, որպեսզի Ուկրաինան փրկեն սնանկությունից: Սկզբնական շրջանում որոշվել էր Ուկրաինային հատկացնել 1.8 միլիարդ եվրո, սակայն այժմ դա կարող է հասցվել մինչև 2.5 միլիարդ եվրոյի:
ԵՄ-ի դիվանագետներից մեկը, որի անունը չի նշվում, հայտարարել է, որ ԵՄ-ի անդամ երկրների ֆինանսների նախարարները, հաշվի առնելով Ուկրաինայում առկա իրավիճակի այժմեականությունը, կքննարկեն, թե ԵՄ-ը որքան կարող է բարելավել 1.8 միլիարդ եվրոյի իր առաջարկը:
Երկու այլ դիվանագետ հայտնել են, որ այդպիսի քննարկումներ լինելու են, սակայն օգնության ավելացման հարցը վճռված չէ. «Դրա համար ԵՄ-ի բյուջեից շատ գումարներ բաց թողնելը կնշանակի, որ քիչ միջոցներ են մնում մյուս բաների համար, այնպես որ, դա այնքան էլ հեշտ չէ»:
Ակնկալվում է, որ նոր ծրագիրը կիրագործվի 2015 թվականին ու 2016 թվականի սկզբին: