Բնական աղետներից համաշխարհային տնտեսության կրած տարեկան կորուստները կազմել են ավելի քան 200 միլիարդ դոլար. ՄԱԿ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ վերջին տարիներին մի շարք երկրներում զգալիորեն կրճատվել է բնական աղետների հետևանքով մահացության մակարդակը, սակայն տնտեսական տարեկան կորուստները կազմել են ավելի քան 200 միլիարդ դոլար:
Այս տվյալները ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ կապված Բնական աղետների հետևանքները մեղմելու հարցով շրջանակային ծրագիր ընդունելու տասնամյակի հետ:
Ծրագիրն ընդունվել էր ի պատասխան 2004 թվականին Հնդկական օվկիանոսում գրանցված ուժգին ցունամիի, որի ալիքները հարվածեցին Ինդոնեզիայից մինչև Սոմալի՝ խլելով մոտ 227.000 մարդու կյանք.
«10 տարի առաջ այս օրը՝ Հնդկական օվկիանոսի ցունամիից բառացիորեն 4 շաբաթ անց, ՄԱԿ-ի անդամ 168 երկրների ներկայացուցիչները հավաքվեցին Ճապոնիայի Կոբե քաղաքում և ընդունեցին բնական աղետների հետ կապված ռիսկերի կառավարման գործողությունների գլոբալ պլանը:
Դրանից հետո լուրջ միջոցներ են ընդունվել՝ մեղմելու համար բնական աղետների հետևանքները: Չնայած դրան՝ այդ ոլորտում դեռ կան բազմաթիվ չլուծված առաջադրանքներ:
2005 թվականի հունվարին Շրջանակային ծրագրի ընդունումից հետո գրանցվել է 3400 բնական աղետ՝ երկրաշարժ, ջրհեղեղ, փոթորիկ և այլ աղետներ, որոնց հետևանքով զոհվել է 750.000 մարդ: Ճակատագրական այդ բոլոր դեպքերի 90 տոկոսը բաժին է ընկել ցածր ու միջին մակարդակի զարգացվածությամբ երկրներին»: