«Նրանց ակտիվությունը բացառապես պայմանավորված է մեր պասիվությամբ». Գ. Իսագուլյանը՝ սահմանում լարված իրավիճակի մասին
«Ես չեմ կարծում, որ 1988 թվականից մինչև հիմա լուրջ փոփոխություններ են տեղի ունենում հայ-թուրքական հարաբերություններում, սահմաններում, և ոչ էլ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ 1994 թվականից հետո»,- նման տեսակետ այսօր հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով այս տարվա սկզբից հայ-թուրքական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում լարված իրավիճակի մասին:
Ըստ նրա՝ մենք ոչ թե պետք է սպասենք, թե Ադրբեջանն ու Թուրքիան երբ կակտիվանան, այլ ինքներս պետք է պատրաստ լինենք ցանկացած խնդրի լուծման, որ կարող է առաջանալ թե՛ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, թե՛ հայ-թուրքական սահմանին.
«Այդ առումով, բնականաբար, ամենամեծ դերակատարությունը պետք է ունենա հասարակությունը, հայ ժողովուրդը, ինչու չէ, նաև հայաստանյան իշխանությունները, որոնք, ցավոք սրտի, վերջին տարիներին բացի խոսքից՝ գործնական կյանքում որևէ լուրջ քայլ չեն անում: Այս ամենի արդյունքում, բնականաբար, ցանկացած պետություն, որը մեզ հետ որոշակի խնդիրենր ունի, փորձելու է դրսևորել ակտիվություն: Այսինքն՝ նրանց ակտիվությունը բացառապես պայմանավորված է մեր պասիվությամբ»: