Ռուսաստանը Սաակաշվիլու գործով բոլոր նյութերն ուղարկել է Միջազգային քրեական դատարանին
Собеседник թերթին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը վստահություն է հայտնել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն չի հաջողվի խուսափել արդարադատությունից:
Մարկինը հիշեցրել է, որ 2008 թվականին Սաակաշվիլին հրաման է արձակել Հարավային Օսիա զորքեր մտցնելու և ռուսական խաղաղապահ կորպուսի վրա հարձակվելու մասին. «Այն ժամանակ Արևմուտքում շատ քչերը դատապարտեցին դա:
Իսկ ներկայումս այդ գալստուկ ուտողը վազվզում է աշխարհում և վախենում է վերադառնալ Վրաստան ու կալանավորվել»: Մարկինը հավելել է, որ Ռուսաստանում Սաակաշվիլու հանդեպ քրեական գործը տարվում է «Ցեղասպանություն», «Սպանություն» ու «Պատերազմ վարելու արգելված մեթոդների ու միջոցների կիրառում» հոդվածներով, իսկ բոլոր նյութերն ուղարկվել են Միջազգային քրեական դատարան.
«Միջազգային իրավունքի նորմերը թույլ չեն տալիս մեզ հետախուզում հայտարարել Սաակաշվիլու նկատմամբ: Նա թեև պետության նախկին ղեկավար է, սակայն ունի օտար քրեական իրավասության հանդեպ անձեռնմխելիություն: Սակայն ինչպես ես ասացի, նրան անխուսափելիորեն սպասում է դատարանը, իսկ թե որը, ցույց կտա ժամանակը»: