Պահպանվելո՞ւ է, արդյոք, Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը (տեսանյութ)
Հայաստանի սովորական սպառողների համար շաքարավազի շուկայում ոչ մի փոփոխություն չի լինելու: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, առանձին ոչ մի բացառություն չկա, ԵՏՄ-ի անդամակցության պայմաններում Հայաստանի երկու արտարդողներ՝ «Պեպսի կոլա» և «Կոկա կոլա» ընկերությունները կշարունակեն նախկինի նման աշխատել: Այսինքն, նրանց կթույլատրվի սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից 10 % ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով՝ 1 տարվա ընթացքում 4 հազար տոննայից ոչ ավելի ծավալով:
168.am-ի հարցին, թե փաստորեն Սամվել Ալեքսանյանի մենաշնորհը պահպանվելո՞ւ է, նախարարը պատասխանեց, թե այս նոր կարգն իր հետ կապ չունի. «Բացարձակ կապ չունի: Եթե որևէ մեկը բերի ավելի էժան, որակով, մեծ քանակով, շուկան ինքը էդ հարցը կկարգավորի»:
Հարցին՝ նորմա՞լ է, որ որևէ երկրի կառավարություն 21-դ դարում քննարկում է լայն սպառման ապրանքի, օրինակ՝ շաքարավազի, քվոտավորման հարց, Կ.Ճշմարիտյանը պատասխանեց. «Եթե մտել ենք մի միության մեջ, բացառություն ենք վերցրել մեր երկու ձեռնարկությունների համար, որ հումքը էժան լինի, ոչ թե նորմալ, ողջունելի եմ համարում: 21-րդ դարում տարբեր երկրներում, ԵՄ-ում, մանավանդ որոշակի զգայուն ապրանքների գծով պաշտպանական միջոցառումներ կիրառվում են»:
Արդյոք հայ սպառողի համար շաքարավազի գինը չի փոխվի՞, Կ.Ճշմարիտյանը հայտարարեց, թե կանխատեսումով չեն զբաղվում:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն այսօր նիտում սահմանել է, որ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, 2 տարվա ընթացքում, սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 % ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով՝ մեկ տարվա ընթացքում 4 հազար տոննայից ոչ ավելի ծավալով, հաստատել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև այդ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը:
ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ-ին իրավունք է վերապահվել 2015-2025թթ. ժամանակահատվածում ներմուծված մաքսատուրքի վճարումից ազատել եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների ապրանքները, որոնք նախատեսված են ՀՀ տարածքում արդյունաբերական վերամշակման համար: Կառավարության որոշման համաձայն շաքարի այդպիսի հումք ներմուծելու պայման կհանդիսանա շաքարի հումքի նպատակային նշանակության մասին ՀՀ լիազոր մարմնի՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան տրված հաստատման առկայությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: