Անհնար է կանգնեցնել Թուրքիայից Սիրիա մեկնող զինյալների հոսքը. Դավութօղլու
Բրիտանական The Independent թերթին տված հարցազրույցի ժամանակ Լոնդոնում գտնվող Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ անհնար է կանգնեցնել օտարազգիների հոսքը, որոնք Թուրքիայի տարածքով անցնում են Սիրիա՝ պատերազմելու համար «Իսլամական պետության» շարքերում:
Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք չեն կարող զինվորականներ տեղակայել Սիրիայի հետ 820 կիլոմետրանոց սահմանի յուրաքանչյուր հատվածում. «Ամեն դեպքում մյուս կողմում չկա պետություն»:
Դավութօղլուն հիշեցրել է, որ Թուրքիան սերտ հարաբերությունների մեջ է եղել Սիրիայի ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ. «10 տարում ես 62 անգամ գտնվել եմ այնտեղ: Երկկողմ կապերը վատթարացան 2011 թվականին, երբ Ասադը սկսեց սպանել սեփական ժողովրդին»:
Դավութօղլուն կարծիք է հայտնել, որ «Իսլամական պետությունը» ի հայտ է եկել Իրաքի պատերազմի ու 2003 թվականին ամերիկյան զորքերի կողմից այնտեղ մուտք գործելու հետևանքով: Դավութօղլուի խոսքերով՝ Թուրքիան «որևէ կապ չունի» «Իսլամական պետության» վերելքի հետ.
«Թուրքիան չի աջակցում ո՛չ Ասադին, ո՛չ «Իսլամական պետությանը», և եթե միջազգային հանրությունը չի պատրաստվում ցամաքային զորքեր ուղարկել Սիրիա, ապա միակ այլընտրանքը մնում է «չափավոր ընդդիմադիր ուժերին» սպառազինելն ու հանդերձավորելը, որոնք ներկայումս գոյություն չունեն»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ամռանը թուրքական մամուլը ներկայացրել էր «Իսլամական պետության» զինյալներից մեկի հարցազրույցը, որի ժամանակ նա հայտարարում է, որ Էրդողանի կառավարությունը շատ է օգնել իրենց: