Արդյոք ռուսական ռազմաբազան Պերմյակովի բացակայության մասին հայտնե՞լ է ՀՀ իրավապահ մարմիններին, սահմանախախտին պարտավո՞ր են հանձնել ՀՀ-ին
«Արդյոք Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը, ըստ պայմանագրի՝ պարտավո՞ր էր զորամասից զինվորի բացակայության փաստի մասին տեղյակ պահել ՀՀ իրավապահ մարմիններին: Եթե այո՝ տեղյա՞լ պահել են, թե՞ ոչ»: ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հարց ուղղեց՝ արդյոք հայ-թուրքական սահմանը անցնելու փորձ կատարող անձին ձերբակալելուց հետո նրան չպե՞տք է հանձնեն հայկական կողմին և ինչ իրավունքով է նրան պահում զորամասում:
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցադրումներին Գ. Կոստանյանն ասաց, թե այդ հարցերը պարզվելու են քննության ընթացքում: «Շատ ճիշտ հարցեր եք բարձրացնում: Այս ամենը պարզվելու է քննության ընթացքում: Այո՛, ինքը՝ ռուս սահմանապահը, պարտավոր է հանձնել Հայաստանի Հանրապետությանը, դա չի քննարկվում, դա կարգավորված հարց է: Մեր խնդիրը վերաբերում էր նրան…»:
Գ. Կոստանյանը չկարողացավ ավարտել իր խոսքը, քանի որ Ն. Փաշինյանը ճշգրտող հարց ներկայացրեց՝ դե-յուրե պարտավո՞ր էր ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը տեղյակ պահել ՀՀ իրավապահ մարմիններին զինվորի բացակայության մասին, տեղյակ պահե՞լ է, թե՞ ոչ:
ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց. «Այո պարտավոր է հայտնել: Հայտնե՞լ է, թե՞ ոչ, դա քրեական քննության նյութ է: Այդ ամենի մասին դուք անպայման կիմանաք»:
Իսկ պարտավո՞ր են պայմանագրով սահմանախախտին ՀՀ-ին հանձնել՝ պատգամավորի հարցին, Գ.Կոստանյանը պատասխանեց. «Սահմանախախտին, իհարկե, պետք է հանձնեն: Բայց դա նորից քննության հարց է»: