Մերկելի ու Ալիևի հանդիպման ժամանակ Բեռլինում կազմակերպվել է բողոքի ակցիա
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բեռլինում՝ Անգելա Մերկելի գրասենյակի առջև, անցկացվել է մի խումբ իրավապաշտպանների ու լրագրողների բողոքի ակցիա: Ակցիայի անցկացման ժամկետը համընկել է Անգելա Մերկելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման հետ:
Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված լրագրողներին ու բլոգերներին. «Մենք նախագահ Իլհամ Ալիևին կոչ ենք անում վերջապես ընդունել իր երկրում մամուլի ու խոսքի ազատությունը:
Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են աննախադեպ բռնություններ քննադատող ձայների հանդեպ: Ներկա դրությամբ վանդակաճաղերից այն կողմ է հայտնվել առնվազն 12 լրագրող ու բլոգեր՝ ներառյալ հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան»:
Ակցիայի ժամանակ նրա մասնակիցները բարձրացրել են Ադրբեջանում կալանավորված լրագրողների ու իրավապաշտպանների նկարները, ինչպես նաև հնչեցրել են Ալիևի հեռանալու ու ժողովրդավարության գալստյան մասին կարգախոսներ: