Բաժիններ՝

Ուկրաինան «Գազպրոմին» առաջարկել է վերանայել գազի մատակարարման պայմանները

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Ուկրաինայի Նավթոգազը» հայտարարել է, որ պատրաստ է «Գազպրոմի» հետ բանակցություններ վարել գազի մատակարարման պայմանների շուրջ, մինչև որ այդ հարցում վերջնական որոշում կկայացնի Ստոկհոլմի միջնորդ դատարանը: Այս մասին նշված է ուկրաինական ընկերության տարածած հաղորդագրությունում:

«Նավթոգազը» ընդգծել է, որ ռուսական մոնոպոլիան 2014 թվականի դեկտեմբերին կորցրել է ուկրաինական գազային շուկայի 2/3-ը, ինչի համար էլ ներկայումս ավելի էժան են եվրոպական մատակարարների առաջարկած գները: 2014 թվականի դեկտեմբերին Ուկրաինան արտերկրից գնել է մոտ 1.5 միլիարդ խորանարդ մետր գազ, որի 33 տոկոսը ներկրվել է Ռուսաստանից, իսկ 67 տոկոսը՝ Եվրոպայից:

Մինչդեռ 2013 թվականի դեկտեմբերին արտերկրից Ուկրաինա ներկրված գազի 95 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, իսկ 5 տոկոսը՝ Եվրոպային: Հունվարի 20-ին «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարեց, որ Ուկրաինայի համար արված գազային զեղչը գործելու է մինչև ապրիլի 1-ը:

Միլերի խոսքերով՝ Ուկրաինայի գազային ներկայիս պարտքը կազմում է 2.44 միլիարդ դոլար: Ուկրաինան 1000 խորանարդ մետր ռուսական գազի համար 100 դոլարի զեղչ է ստացել 2014 թվականի նոյեմբերի 1-ին: Մինչ այդ նրա համար 1000 խորանարդ մետր ռուսական գազի գինը կազմել է 485 դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս