ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանում քննարկվելու է Ադրբեջանում մամուլի ազատության հարցը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 26-30-ին անցկացվելու է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը, որում ներկայացված է Եվրոպայում մամուլի ազատության մասին բանաձևի նախագիծը: Փաստաթղթում նշված է, որ Եվրոպայի մի շարք երկրներում կան ԶԼՄ-ների ու խոսքի ազատության լուրջ ճնշման դեպքեր:
ԶԼՄ-ների սպանված աշխատակիցների թվում հիշատակվել են Հրանտ Դինքը, Պավել Խլեբնիկովը, Աննա Պոլիտկովսկայան, ինչպես նաև Էլմար Հուսեյնովն ու Ռաֆիկ Թագին: Փաստաթղթում խոսք է գնում նաև Ադրբեջանում կալանքի տակ վերցված լրագրողուհի Խադիջա Իսմայլովայի մասին, ով հետաքննել է երկրի բարձրագույն ղեկավարության կոռուպցիոն փաստերը:
Բանաձևը Բաքվն կոչ է անում անհապաղ ազատել կալանավորած լրագրողներին ու դադարեցնել նրանց հետապնդումները: Ադրբեջանական կողմն իր հերթին մտադիր է ԵԽԽՎ-ի քննարկմանը ներկայացնել դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հարցը: