Կիևյան դատարանն արտոնել է Յանուկովիչին ու Ազարովին կալանքի տակ վերցնելը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Կիևի շրջանային դատարանը վճռել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դատարանի այդ որոշումը Գլխավոր դատախազության հետաքննիչներին հնարավորություն է տալիս նրանց արտահանձնման պահանջով դիմել Ռուսաստանին: Յանուկովիչն ու Ազարովն Ուկրաինայից փախել են մոտ մեկ տարի առաջ՝ նախորդ տարվա ձմռան վերջին:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն նախորդ տարվա հոկտեմբերին հայտարարել էր, որ նրանք երկուսն էլ արդեն ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն:
2015 թվականի հունվարի 12-ին Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել Յանուկովիչի, Ազարովի և նախկին իշխանությունների մի շարք այլ ներկայացուցիչների նկատմամբ: