Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել ստեղծել համակարգող մարմին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրավերով հունվարի 19-ին երկօրյա աշխատանքային այցով Երևան է ժամանել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ին տեղեկացրեց, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ:
Նրա խոսքով՝ կողմերը կարևորել են գործի քննության բազմակողմանիության ապահովումը, բոլոր հնարավոր վարկածների ուղղությամբ պատշաճ հետազոտման իրականացումը՝ հատուկ շեշտելով պատշաճ ապացույցների ձեռքբերումը գործող օրենսդրության խստագույնս պահպանմամբ:
Սոնա Տռուզյանը տեղեկացրեց նաև, որ աշխատանքների արդյունավետությունը ապահովելու նպատակով որոշվել է ստեղծել համակարգող մարմին:
Ավելի վաղ քննչական կոմտիեն հաղորդագրություն էր տարածել, որ քննարկումների առանցքում հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության գործի քննությանը վերաբերող հարցադրումներն են։