Եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի, Հայաստանից քիչ-քիչ կհեռացվեն Հոկտեմբերյանը, Գյումրին, Շիրակը, և այդպես շարունակ. Նորատ Տեր-Գրիգորյանց

168.am-ը ներկայացնում է  1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ հարցազրույցի շարունակությունը:

– Հայաստանյան մի խումբ փորձագետներ, գյումրեցիներ բարձրացնում են ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարության հարցը, քանի որ ռազմաբազան, նրանց հավաստիացումներով, չի ծառայում  Հայաստանի շահերին, չի ապահովում ՀՀ անվտանգությունը, չի միջամտում ԼՂ հակամարտությանը, իսկ Թուրքիայի կողմից չկա ռազմական ագրեսիա: Ինչո՞վ եք Դուք բացատրում դրանց տեղակայման անհրաժեշտությունը:

– Գյումրիում ասվում է այն ամենը, ինչ պետք է մեր թշնամուն` Ադրբեջանին,  Թուրքիային և ԱՄՆ-ին: Այս հրեշավոր հանցագործությունը նրանց համար ամենահարմար առիթն է, ոչինչ այնպես չէր հուսահատեցնի մարդկանց, որ նրանք սկսեին պահանջել ռուսական ռազմաբազաների դուրսբերումը Գյումրիից:  Ես Ձեզ արդեն պատմեցի, թե ինչ է բազան, և ինչին է այն ծառայում: Ես այս մասին խոսում եմ վստահությամբ, քանի որ մասնակցել եմ այդ բազայի ձևավորման գործին:  Դեռ տարիներ առաջ Տեր-Պետրոսյանին ասացի, որ եթե դիվիզիան չմնա Գյումրիում, Թուրքիան կոչնչացնի Հայաստանը, քանի որ Հայաստանն այդ ժամանակ չուներ նորմալ ձևավորված բանակ, երկիր, ղեկավարություն, սահմանապահներ,  որոշակի ռեզերվներ չկային, գումար, զենք-զինամթերք չկար այն ժամանակ: Հիմա, բնականաբար, Հայաստանն ունի  անհրաժեշտ սպառազինությունը, սակայն այսօր իրավիճակն այլ է, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ինչը ենթադրում է` եթե որևէ երկիր հարձակվի Հայաստանի վրա, ՀԱՊԿ-ն, հատկապես՝ Ռուսաստանը, դա կդիտարկի՝ հարձակում իր վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս՝ ելույթ ունենալով անվտանգության խնդիրների շուրջ՝ նշեց, որ  Ռուսաստանի միջուկային զենքը նախատեսված է ոչ միայն ՌԴ, այլև ՀԱՊԿ անդամ-երկրների պաշտպանության համար: Այսինքն` Հայաստանն ունի միջուկային զենք:

Թուրքիան,  որը մեկուկես միլիոն հայ ոչնչացրեց, այդ թվում՝ իմ ծնողներին Կարսից, Էրզրումից, Տարոնից, և ինձ անվանեցին Նորատ՝ որպես Տարոն անվան հակառակ անուն, մենք նրանց կոկորդին ենք մնացել: Նրանք կցանկանան մեզ ոչնչացնել   առաջին իսկ հնարավորության դեպքում: Թող հանեն, եթե շատ են ցանկանում, բայց ի՞նչ դրանից, ո՞վ հայերին կպաշտպանի: Եթե նաև այդ ռազմաբազան հանվի, այնտեղ հինգ տարի անց  մարդ չի մնա և ոչ այն պատճառով, որ այնտեղ աշխատատեղեր չեն մնա, այլ այն պատճառով, որ կմեծանա Թուրքիայի կողմից սահմանը հատելու սպառնալիքը: Եթե հեռանա այդ բազան, Հայաստանից քիչ-քիչ կհեռանա Հոկտեմբերյանը, Գյումրին, Շիրակը, իսկ այդ դեպքում հայերին այնտեղ անելիք չի մնալու:

– Այսինքն` ՀՀ ԶՈՒ-ն չունի՞  Հայաստանը պաշտպանելու բավարար մարտունակություն:

– ՀՀ ԶՈՒ-ն բաղկացած է 75 հազար զինծառայողից, որոնք ներկայում հիմնականում կենտրոնացած են Ղարաբաղում, քանի որ մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ պատերազմի մեջ՝ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների ֆոնին: Ալիևը սպառնում է, որ գրավելու է նաև Երևանը, քանի որ, ըստ նրա, Երևանը ևս ադրբեջանական հող է, նա ՀՀ պատմությունը վերագրում է Ադրբեջանին: Պետք է իմանալ նաև մեկ այլ հանգամանք, որ Թուրքիայի ԶՈՒ-ն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների շարքում հզորությամբ երկրորդն է ԱՄՆ ԶՈՒ-ից հետո: Ի՞նչ է նման պահանջ դնողները ցանկանում են մեկուկես միլիոն հայերով պաշտպանել Հայաստանը Թուրքիայից: Ռուս զինծառայողը սրիկա դուրս եկավ, և ի՞նչ: ԽՍՀՄ-ում նման շատ դեպքեր են եղել: Դա մեծ ողբերգություն է, հրեշավոր արարք, ես չգիտեմ` ինչպես բնութագրել:
Ես այս հարցերին տիրապետում եմ ռազմավարական մասշտաբով, ես մասնակցել եմ ՀՀ ԶՈՒ ձևավորմանը, մենք պատերազմ ենք ղեկավարել, մենք հաղթել ենք հակառակորդին, վերջին հազար տարվա ընթացքում առաջին անգամ ազատագրել ենք մեր հին հողը` Արցախը, այնինչ մեզ միշտ կոտորել են, թալանել, ահաբեկել, մեր տարածքները գրավել են` մեզ թողնելով մի կտոր հող:

Պարոն գեներալ, խոսեցիք ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ: Այսօր ևս հայադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը լարված է, կրակահերթերը շարունակվում են, և մի շարք հեղինակավոր փորձագետներ ստեղծված իրավիճակը պայթյունավտանգ են որակում: Դուք ի՞նչ եք մտածում այս շարունակական լարվածության մասինՈ՞ւմ է այն ձեռնտու:

– Շատ լավ հարց տվեցիք: Ներկայում Ամերիկայի Միացյալ Նահանգներն այնպիսի գործողություններ է իրականացնում, որ դժվար է դրանց մասին նույնիսկ խոսելն ու պատկերացնելը: Հիշեք Եգիպտոսը, Եգիպտոսը  ոչնչացրեցին, Լիբիան, արմատական իսլամիզմը պատել է Սիրիան, եթե Սիրիայի գործը հաջողվի, հաջորդը լինելու է Իրանը, եթե Իրանում պատերազմ սկսվի, ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ամերիկացիների համար Ղարաբաղյան խնդիրը նախուտեստի նման մի բան կլինի: Թուրքիան կոչնչացնի Սիրիայի հայերին, Թուրքիան վերացնում է հայկական համայնքները, ոչնչացնում է, որպեսզի մեջքի ետևում հակառակորդ չունենա: Իսկ այստեղ Ադրբեջանի միջոցով է այս ամենն անում, իսկ Ադրբեջանը զինվում  է պատերազմ սկսելու համար, ՆԱՏՕ-ն պատրաստվում է այնտեղ ավիացիա հիմնել: Ադրբեջանի համապատասխան պայմանագրերի համաձայն՝ Ադրբեջանը պետք  է ունենա 220, այնինչ ունի 500-ից ավելի տանկեր: Իսկ ինչի՞ համար է անհրաժեշտ այդքան տանկ, նրա համար, որովհետև Ադրբեջանի բնակչությունը կազմում է  յոթ միլիոն մարդ: Մյուս կողմից՝ ադրբեջանական կողմը գիտի նաև, որ հայկական կողմը սպառազինված է  բարձր մակարդակով, Հայաստանն ունի ամեն տեսակի սպառազինություն, նրանք գիտեն, որ մեծ հարվածներ կկրեն, ու անհրաժեշտ է կորուստները վերականգնել:  Իսկ կորուստը միայն մարդկային չի լինելու, այլև տեխնիկական, ուստի  ադրբեջանական կողմը պատրաստ է  տեխնիկական համալրման համար: Իսկ հայկական կողմը կորուստները վերականգնելու համար պահուստային տանկեր չունի, սպառազինություն չունի, ավելորդ սպառազինություն Հայաստանը չունի, իսկ նրանք ունեն և ցանկացած պահի ցանկացած պատճառ կցանկանան օգտագործել պատերազմ սկսելու համար, իսկ դրա համար նրանց պետք է, որ ռուսական ռազմաբազան հեռանա Գյումրիից: ՀԱՊԿ-ի համաձայն` Հայաստանի վրա հարձակումը հարձակում է ՀԱՊԿ-ի, հատկապես՝ Ռուսաստանի վրա, իսկ Ռուսաստանն այդ ռազմաբազան է: Այս դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի միջամտել, պատերազմել Թուրքիայի դեմ: Ռազմական ագրեսիայի դեպքում ԼՂ գոտում ՌԴ ԶՈՒ-ն պետք է օգնի ՀՀ ԶՈՒ-ին՝ հաղթահարել այդ ագրեսիան: Բայց դրա համար պետք է ՀՀ-ն ճանաչի Լեռնային Ղարաբաղը, այլապես Հայաստանը կհամարվի ագրեսոր, Հայաստանը պետք է ճանաչի ԼՂ-ն՝ որպես պետություն, այնուհետև սկսի նույնը պահանջել Ռուսաստանից: Եթե դա չի անում, ապա թող Հայաստանում չասեն, թե՝ ինչո՞ւ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան և Հյուսիսային Օսեթիան: Դա առաջինը ՀՀ-ն պետք է անի:

Տեսանյութեր

Լրահոս