Իրանում չեն բացառում, որ նավթի համաշխարհային գինը կարող է նվազել մինչև 25 դոլարի
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթային արդյունաբերության նախարար Բիջան Զանգանեն կանխատեսել է, որ մեկ բարել նավթի համաշխարհային գինը կարող է նվազել մինչև 25 դոլարի: Նա ընդգծել է, որ իրենք չեն տեսնում որևէ ցուցիչ, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) պատրաստվում է պահպանել նավթի գները:
Զանգանեն կոչ է արել ամրապնդել OPEC-ի անդամների միջև համագործակցությունը: Նա ընդունել է, որ արդյունք չեն տվել OPEC-ի մի շարք անդամների հետ Իրանի խորհրդակցությունները, որոնք միտված են եղել նավթի շարունակվող գնանկման կանխմանը:
Զանգանեն հավելել է, որ Իրանը չի պնդելու գումարել OPEC-ի արտակարգ նիստ: