Իսրայելական ավիահարվածի հետևանքով Սիրիայում սպանվել է իրանցի գեներալ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի գեներալ Մոհամմադ Ալիուլլահ Դաադին սպանվել է Սիրիայի տարածքում Իսրայելի ռազմաօդային ուժերի ձեռնարկած հարձակման հետևանքով:
Տարբեր տվյալներով՝ նրա հետ զոհվել է լիբանանյան «Հզբոլլահ» շիական կազմակերպության 4-6 ներկայացուցիչ: Սպանվածների թվում հայտնվել է նաև «Հզբոլլահի» հատուկ ծառայության նախկին պետ Իմադ Մուղնիյահի 25-ամյա որդի Ջիհադ Մուղնիյահը:
Գործակալության հաղորդմամբ՝ ավտոմեքենան, որում գտնվել են Դաադին ու Մուղնիյահը, Իսրայելի ավիահարվածներին է ենթարկվել Սիրիայի հարավ-արևմուտքում, Գոլանի բարձունքների շրջանում գտնվող Էլ-Կունեյտրա քաղաքում: Իմադ Մուղնիյահը սպանվել է 2008 թվականին: Լիբանանյան խմբավորումը դրա պատասխանատվությունը դրել էր Իսրայելի վրա: