Օբաման մտադիր է մեծացնել ունևոր ամերիկացիների հարկային բեռը
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է մեծացնել ունևոր ամերիկացիների հարկային բեռը: Օբաման համապատասխան առաջարկով հանդես կգա հունվարի 20-ին՝ «Երկրի դրության մասին» Կոնգրեսին ուղղված իր ամենամյա ուղերձում:
Այս մասին գործակալությանը հայտնել են Սպիտակ տանը նրա աղբյուրները: Ակնկալվում է, որ Օբաման կառաջարկի հարկերը 23.8 տոկոսից մեծացնել մինչև 28 տոկոսի, ինչը կվերաբերվի այն ընտանիքներին, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 500.000 դոլարը:
Ավելի վաղ Օբաման նման ընտանիքների համար արդեն իսկ ավելացրել է հարկային բեռը, որն այն ժամանակ կազմել է 15 տոկոս: Օբաման նաև որոշել է հարկել այն ամերիկացիներին, որոնք ունեն որպես ժառանգություն իրենց մնացած արժեթղթեր:
Օբամայի մյուս նախաձեռնությունների թվում են մի շարք կատեգորիայի ուսանողներին քոլեջում ուսման վճարից ազատելը, աշխատող քաղաքացիների համար արձակուրդն ավելացնելը, ամերիկացիների էլեկտրոնային տվյալների պաշտպանության համար կիբեր անվտանգության միջոցների խստացումը: