Վլադիմիր Գասպարյանը՝ Պերմյակովի ձերբակալման մասին. Ձերբակալումից երկու ժամ առաջ մենք տեղեկատվություն ունեինք, որ Պերմյակովը հայ-թուրքական սահմանին է (տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյաննայսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե իր համար նշանակություն չունի՝ ով է բռնել Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի վեց անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին: Հարցին, թե Պերմակովը միանյա՞կ է գործել, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. «Քննությունը պետք է պատասխանի, այդ ամենը երևակայություն է, ինչո՞ւ է կոշիկը այնտեղ մնացել, ինչո՞ւ է թողել այն մեկը, ինչո՞ւ է եկել, հասել, հազարավոր հարցեր կան, եթե մենք այդ հարցերի մեջ խճճվենք, դա ոչ ձեզ, ոչ էլ ինձ է ինչ- որ բան ասելու»:
Նաև հավելեց. «Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ոչ մի հանցագործ չհեռանա մեր տարածքից: Հենց այդ էլ մենք ապահովում ենք: Անկեղծ ասած` ձերբակալումից երկու ժամ առաջ մենք տեղեկատվություն ունեինք, որ Պերմյակովը հայ-թուրքական սահմանին է: Մեր 35 հոգանոց խումբը մեկնել էր այնտեղ, նայել տարածքի մի մասը եւ զգուշացրել սահմանապահներին: Ինձ համար կարեւոր չէ, թե ով է բռնել հանցագործին, մնացածն իմ տիրույթում չէ»,- ասաց նա: