Օբաման խոստացել է վետո դնել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրենքի վրա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զգուշացրել է Կոնգրեսին, որ վետո է դնելու Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրենքի վրա, քանի որ, առանց Իրանի միջուկային ծրագրի խնդրի դիվանագիտական կարգավորման, աճում է ռազմական հակամարտության հավանականությունը:
Օբաման այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. «Ես վետո կդնեմ օրինագծի վրա, որը կդրվի իմ սեղանի վրա: Ես այդ մասին զգուշացրել եմ կոնգրեսականներին:
Պատժամիջոցներն արդեն իսկ ցույց են տվել իրենց արդյունավետությունը, և Իրանի հետ բանակցությունները եղել են շատ լարված: Սակայն անհրաժեշտ է Իրանին հնարավորություն տալ առաջ ընթանալու դիվանագիտական բանակցությունների ճանապարհով»: