ՌԴ-ի հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցի քննարկումները սկսել են Աբաշիձեն ու Կարասինը. Բերուչաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ կանոնավոր ավիահաղորդակցության շուրջ քննարկումները մեկնարկել են Աբաշիձե-Կարասին երկխոսության շրջանակներում.
«Դրանից հետո համապատասխան գերատեսչությունները, ավիացիոն ծառայությունները սկսել են աշխատել այդ հարցերի շուրջ: Այն համաձայնագիրը, որին հասան կողմերը, բնականաբար Շվեյցարիայի դեսպանատան միջոցով փոխանցվել է ռուսական համապատասխան գերատեսչություններին:
Մանրամասները, համաձայնագիրը, խնդիրներն այնպիսի հարցեր են, որոնք պետք է ուղղվեն անմիջականորեն այդ գործընթացում ներառված գերատեսչություններին»:
Սրանից առաջ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հրապարակել էր Վրաստանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ների նամակագրությունը, որում խոսք է գնում կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնման մասին: