Պուտինը կորցնում է ԵՄ-ին ու Ուկրաինային գազի միջոցով շանտաժի ենթարկելու հնարավորությունը. Focus
Գերմանական Focus պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գազը վերածել է իր ամենաարդյունավետ արտաքին քաղաքական զենքի: Հենց որ բարդություններ էին ծագում Կիևի ու Բրյուսելի հետ հարաբերություններում նա կասեցնում էր գազի մատակարարումներն Ուկրաինային ու ԵՄ-ին:
Սակայն այդ մեթոդն այժմ սպառնալիքի տակ է, Կիևն ու Բրյուսելն ակտիվորեն սկսել են աշխատել ուկրաինական ու եվրոպական էներգետիկ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ: 2014 թվականին Ռուսաստանից ԵՄ գազի արտահանման ծավալը նվազել է վերջին 10 տարվա ամենացածր մակարդակի:
«Գազպրոմը» Եվրոպային մատակարարել է 195 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 10 տոկոսով ավելի պակաս է, քան մեկ տարի առաջ էր: Իսկ ահա 2014 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում մատակարարումները կրճատվել են 16 տոկոսով` համեմատած դրա նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ:
Ռուսաստանի համար գնալով ավելի է բարդանում Եվրոպայում գնորդներ գտնելը, ինչն էլ ապացուցում է «Հարավային հոսք» գազատարի կառուցումից հրաժարվելը, ինչի մասին հայտարարվել էր նախորդ տարվա դեկտեմբերին: 2014 թվականին Ուկրաինան գրեթե կրկնակի կրճատել է Ռուսաստանից գազ ներկրելը և մեծացրել է ԵՄ-ից գազ ներկրելը: