Էրդողանը շեղում է ուշադրությունը Ցեղասպանության 100-ամյակից և երկրների ղեկավարններին ՀՀ չգալու հնարավորություն ընձեռում. Շաքարյան

Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց  ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տարբեր երկրների ղեկավարներ են հրավիրվել Հայաստան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հայաստանի նախագահին հրավիրել է մասնակցելու Թուրքիա Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի  տոնակատարություններին: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` Էրդողանը հրավեր-նամակներ է հղել աշխարհի երկրների ավելի քան 100 առաջնորդների, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Կառավարության պաշտոնյաներից մեկը Hurriyet Daily News-ին ասել է, որ Գալիպոլիի ճակատամատում կռվել են էթնիկ շատ խմբեր, այդ թվում՝ հայեր:

«Ահա թե ինչու մենք հրավեր ենք հղել նաև Սարգսյանին»,- ասել է Թուրքիայի կառավարության պաշտոնյան: Ըստ թուրքական մամուլի, ակնկալվում է, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելու արարողություններին ներկա են լինելու Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը՝ երկու որդիների հետ, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետները, 102 երկրների ղեկավարների թվում Էրդողանը Թուրքիա է հրավիրել նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Օրինակ, Hurriyet Daily News-ի համաձայն, Էրդողանն աննախադեպ դիվանագիտական քայլ է կատարել՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրելով մասնակցել Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշելու արարողություններին, որը համընկնում է Ցեղասպանության հիշատակի օրվան:

168.am-ի հետ զրույցում  թուրքագետ Արտակ Շաքարյանն ասաց, որ Էրդողանի հայտարարությունն ամենևին էլ անակնկալ չէր, քանի որ այդ ծրագրերի մասին խոսվում էր արդեն 2 տարի: Ըստ նրա` այս ամեն արվում է  Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները ստվերելու և միջազգային մամուլի ուշադրությունը ոչ թե մեկ, այլ երկու իրադարձությունների վրա բևեռելու, այսինքն` Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից ուշադրությունը շեղելու նպատակով:  Ըստ  թուրքագետի` կա մեկ այլ նպատակ ևս:

«Էրդողանն իր այս քայլով երկրների նախագահներին Հայաստան չգալու համար այլընտրանքային պատրվակ ունենալու հնարավորություն է ընձեռում: Նախագահներից ոմանք կարող են մեկնել Ստամբուլ`  այդպիսով չմասնակցելով  Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ապրիլի 24-ին Թուրքիան նախատեսում  է կազմակերպել նաև ավստրալացի հեղինակավոր  դերասան Ռասել Քրոուի մասնակցությամբ Դարդանելի ճակատամարտի մասին Հոլիվուդում նկարահանված ամերիկյան ֆիլմի շնորհանդեսը: Մինչև ապրիլի 24-ն այլ միջոցառումներ ևս նախատեսվում են, որոնց նպատակը մեկն է` շեղել միջազգային հանրության ուշադրությունը  Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներից»,- մեկնաբանեց Արտակ Շաքարյանը:

Թուրքագետը նաև նշեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր անցյալ տարվա հայտարարությամբ ցույց տվեց, թե ինչ է ասելու այս տարի: Արտակ Շաքարյանը հիշեցրեց նաև վերջերս Թուրքիայում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ թուրք հասարակության մեծ մասը համաձայն է Էրդողանի ներողության հետ: «Այս ամենից կարելի է հասկանալ, որ Էրդողանն այս տարի  ասելու է նույնը, որ 1915-ին զոհվել են ոչ միայն հայեր, այլև այլ ժողովուրդներ, այդ թվում՝ թուրքեր` իր ցավակցությունը  հայտնելով զոհված բոլոր ժողովուրդներին: Նա դրանով  փորձելու է հավասարության նշան դնել զոհված թուրք զինվորների և սպանված  անմեղ հայերի միջև,  որը  թուրք հասարակությունը դրական է ընկալում»,- ասաց Շաքարյանը:

Հիշեցնենք, որ 1915-16 թվականներին Գալիպոլիի ճակատամարտի ռազմական գործողությունների արդյունքում օսմանյան բանակը հաղթել է դաշնակիցների զորքերին: 1915-ի ապրիլի 25-ին  մեկնարկել է Գալիպոլիի  թերակղզու դաշնակցային զորքերի  ափհանման գործողությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս