ԵՄ-ը ռուսալեզու հեռուստաալիքի ստեղծման հարցը կքննարկի հունվարի 19-ին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարներն այս տարի առաջին անգամ Բրյուսելում կհավաքվեն հունվարի 19-ին, որի ժամանակ քննարկելու են ԵՄ-ի երկրներում ու «Արևելյան գործընկերության» երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա ու Ուկրաինա) ռուսալեզու լսարանի համար նոր հեռուստաալիքի ստեղծման հարցը:
Դա հաստատել է ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյան, ով մոտ է կանգնած ԵՄ-ի ինստիտուտների ղեկավարությանը. «Մենք հստակ քննարկելու ենք այդ հարցը, թե ինչպես կարող ենք գործարկել մեր հնարավորություններն ու ռեսուրսները»:
Հունվարի 1-ից ԵՄ-ի Խորհրդում նախագահում է Լատվիան, որի արտգործնախարար Էդգար Ռինկևիչն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՄ-ը դիտարկում է ռուսալեզու նոր հեռուստաալիք ստեղծելու հնարավորությունը, ինչը կհանդիսանա տեղեկատվության այլընտրանքային աղբյուր (ուղղված լինելով ռուսական քարոզչության դեմ):