Աշոտ Մանուչարյան. «Եթե ներխուժեինք ՌԴ հյուպատոսարան, ի՞նչ խնդիր էինք լուծելու, ծեծելո՞ւ էինք հյուպատոսին, նրան պատա՞նդ էինք վերցնելու»
«Հարցադրումներ են առաջացել այդ դեպքի հետ կապված, և դրանք պետք է բավարարվեն: Հարցադրումներ, որոնք վերաբերում են տեղին, ձևին՝ որտե՞ղ է քննվում, ո՞վ է քննում գործը… Դրանց պատասխանները պետք է տրվեն»,- խոսելով Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի դատավարության հետ կապված՝ հայաստանյան իշխանությունների գործողությունների մասին՝ նման տեսակետ այսօր հայտնեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ Ա. Մանուչարյանի՝ նման պարագաներում քաղաքական գործոնները մի կարգ ավելի բարձր են, քան՝ իրավական. «Այսինքն՝ եթե դուք իրոք դաշնակից երկրներ եք ու տեսնում եք՝ նման բան է կատարվում, ապա անհապաղ պետք է լուծվեր այդ հարցը, պետք է որոշեին, որ քննությունն այստեղ պետք է տեղի ունենա, գտնվի այստեղի պահպանման մարմիններում, դատարանն այստեղ պետք է լինի, և այլն, որովհետև դուք տեսնում եք, որ եթե անգամ այդ զենքը ձեր դեմ չի օգտագործվել, ապա հիմա օգտագործվում է: Ես բացարձակ ոչ կոմպետենտություն եմ տեսնում նաև ռուսական պետական մարմինների կողմից»:
168.am-ը հարցրեց, թե ինչ կարծիք ունի Ա. Մանուչարյանը ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին: Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիներից շատերը նշում էին, որ ռուսական ռազմաբազան իրականում Հայաստանում անվտանգության երաշխավոր չէ, և նրանք պահանջում էին այդ բազայի դուրսբերումը Հայաստանից: Ա. Մանուչարյանը նախ նշեց, որ նման տեսակետներ գոյություն ունեին նաև մինչ այս միջադեպը, ապա, թե՝
«Ինձ անհանգստացնողը հենց այն է, որ լավ չէ, որ այս միջադեպից հետո է այդ բանը քննարկվում: Այսինքն՝ եթե որևէ մեկը բան ունի ասելու, նա պետք է ասի անպայման՝ ինչպիսի համակարգով է ապահովելու Հայաստանի ռեգիոնալ և գլոբալ անվտանգությունը»:
Դիտարկմանը՝ նման տեսակետ արտահայտող մարդիկ ասում են՝ մենք ինքներս պետք է ապահովենք մեր անվտանգությունը, Ա. Մանուչարյանն այսպես արձագանքեց.
«Հոյակապ է, նրանք պետք է խոսեն առարկայական: Երբ Թուրքիան 3 անգամ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ասաց, որ ինքը միջամտելու է պատերազմին, 3 անգամ նրան շատ կոշտ ձևով արձագանքեց Ռուսաստանը: Եթե մենք վաղը կարող ենք մեզ բերել այն վիճակին, որ կարողանանք ինքնուրույն ապահովել մեր անվտանգությունը, ապա խնդիր չկա, բայց մարդիկ պետք է գործեն պատասխանատու: Հակառակ դեպքում՝ կասկած է առաջանում, որ կա՛մ նրանք չեն հասկանում, կա՛մ ավելի վատ բան…»:
Լրագրողներից մեկի հարցին՝ ըստ Ձեզ՝ նորմա՞լ էր, որ երեկ Գյումրիում հայ ոստիկանները պաշտպանում էին Ռուսաստանի հյուպատոսարանը և այդ զինվորին հայ մարդկանցից, Ա. Մանուչարյանն այսպես պատասխանեց.
«Ուզում եմ հասկանալ, եթե մենք ներխուժեինք հյուպատոսարան, ասենք՝ չլիներ Ոստիկանությունը, ի՞նչ խնդիր էինք լուծելու: Ծեծելո՞ւ էինք հյուպատոսին, նրան պատա՞նդ էինք վերցնելու, պահանջելու էինք փոխանակե՞լ: Ի՞նչ կարգով ենք մենք հարցերը լուծում: Մենք չպետք է ներխուժման ժողովուրդ լինենք, պետք է կանգնած լինի մի ոստիկան, որն այնտեղ սովորաբար կանգնած է, և ոչ մեկը չպետք փորձի այլևայլ բաներ անի՝ ներխուժել, ծեծել, ջարդել, դա չէ խնդիրը: Պետք է Ռուսաստանին ցույց տալ, որ մենք ունենք այս դժգոհությունը կամ հարցադրումը: Այնպես որ, շատ կարևոր է, որ մենք էլ ճշգրիտ գործենք: Երբ մենք տրվում ենք պահի տակ զայրույթներին և այլն, մենք պետք է հասկանանք, որ ունքի տեղը կարող ենք աչքն էլ վնասել»: