Ռուսաստանում չեն բացառում, որ մեկ բարել նավթի գինը կնվազի մինչև 25 դոլարի
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեկ բարել նավթի գինը համաշխարհային շուկայում կարող է նվազել մինչև 25 դոլարի՝ ելնելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC), այդ թվում նաև Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հայտարարություններից:
Այս մասին հայտարարել է «Լուկօյլի» ղեկավար Վագիթ Ալեքպերովը: 2014 թվականի ամռանից սկսած՝ նավթի գինն արդեն իսկ նվազել է ավելի քան երկու անգամ: Տարեսկզբին Brent տեսակի մեկ բարել նավթի գինը կազմում է մոտ 45 դոլար:
Երբ Ալեքպերովին հարցրել են, թե արդյոք կշարունակվի՞ նավթի գնանկումը, Ալեքպերովը չի բացառել, որ այն կնվազի մինչև 25 դոլարի: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ դա կլինի կարճաժամկետ նվազեցում: Ալեքպերովն ակնկալում է, որ ողջ 2015 թվականին կդիտվեն նավթի գնի զգալի տատանումներ. «Երեկ նկատվեց 10 տոկոսանոց տատանում: Նման բան երբևէ չի եղել»: