«Անարդարության զգացողությունն ու ոչ համոզիչ բացատրություններն են մարդկանց դրդրում այս քայլերին». Արտակ Զեյնալյան
«Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն այսօրվա քննարկման ժամանակ տվեց վերջին դեպքերի իրավական գնահատականը. «Միջազգային իրավունքի սկբունքների համաձայն՝ այնպես է, ինչպես որ ներկայացնում է պարոն Ջհանգիրյանը… Ցավալի է, բայց այդպես է»:
«Անարդարության զգացողությունն ու ոչ համոզիչ բացատրություններն են մարդկանց դրդրում այս քայլերին: Համոզիչ չէ այն բացատրությունը, ըստ որի՝ այդ անձնավորությունը ծարավ է եղել, մտել է ջուր խմելու, վախեցել ու սկսել է բոլորին գնդակահարել: Այս անհամոզիչ տեսակետը հնչում է այն պարագայում, երբ նա գտնվում է ռուսական իրավասության տակ: Դրա համար մեզ համար շատ կարևոր է, որպեսզի իրականացվի ոչ շահագրգիռ կողմի քննությունը, ինչով էլ պայմանավորված է այս վարքագիծը»,-ասաց նա:
Իրավապաշտպանը նկատեց, որ Ռուսաստանի հանրային հեռուստաընկերությունները դեպքին անդրադարձ չեն կատարել, ինչը ևս վիրավորում է մարդկանց. «Սա խոսում է Ռուսաստանի անազատ երկիր լինելու մասին: Այնտեղ չկա խոսքի ազատություն և ամեն ինչ գրաքննության է ենթարկվում: Միայն ասում են, որ այսինչ անձնավորությունը լքել է զինվորական տարածքը և սահմանն անցնելիս ձերբակալվել: Անշուշտ, նրանք ունեն այդ ինֆորմացիան, բայց չեն հրապարակում: Եվ այս ամենի ֆոնի վրա Հայաստանի իրավապահների վարքագիծը. սադրել, կատաղեցնել մարդկանց այն դեպքում, երբ մարդիկ բարյացակամ են տրամադրված, ընդամենը սոլիդարության հավաքներ են իրականացնում, իրենց կարծիքն ու բողոքն են արտահայտում: Բոլորովին կարիք չկար դեսպանատան առջևից նրանց այդպես դուրս մղել»: