Էրդողանը Սերժ Սարգսյանին հրավիրել է ապրիլի 24-ին այցելել Թուրքիա. Milliyet
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայում նշվելու է Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը: Դրա հետ կապված՝ հրավերներ են ուղարկվել 102 երկրների առաջնորդների:
Ընդ որում՝ նախագահներին համապատասխան նամակները (մեկ առ մեկ) ուղարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, իսկ վարչապետներին՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Բոլոր նամակներում նշված է. «Ուրախ կլինենք Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին ձեր գալստյան կապակցությամբ»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես հայտնվել են հրավիրվածների թվում: Նրանց համապատասխան նամակները հղել է Էրդողանը:
Թուրքիայի կառավարության պաշտոնյաներից մեկը, որի անունը չի հրապարակվում, թերթին հայտնել է, որ Դարդանելի ճակատամարտին մասնակցել են նաև հայերը, ինչի համար էլ հրավիրվել է նաև Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին (Էրդողանը դեռ չէր ընտրվել Թուրքիայի նախագահի պաշտոնում) Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել էր 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել Երևան: