Ինչու է Պերմյակովը մինչև հիմա ռուսական ռազմաբազայում. պարզաբանում է Գևորգ Կոստանյանը

Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հարցրին, թե ո՞վ է դատելու Գյումրիում 6 անձանց սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին, և մինչդատական վարույթի ընթացքում որտե՞ղ է նա գտնվելու:

«Նախաքննության ընթացքում, դատաքննության ընթացքում այդ անձը գտնվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում, և այդ անձը քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասաց Գևորգ Կոստանյանը՝ նշելով, որ նա կգտնվի ռուսական զինվորական բազայի թե այլ տարածքում՝ կարևոր չէ.

«Կարևորը Հայաստանի Հանրապետության տարածքում արդարադատության առաջ կանգնելու փաստն է, այդ թվում՝ և մեր, և միջազգային իրավունքի տեսակետից: Դրա համար մենք խոսում ենք արդարադատության առաջ կանգնելու, Հայաստանի Հանրապետության տարածքում մեղավոր անձի՝ արդարադատության առաջ կանգնելու փաստի մասին»:

Լրագրողների հարցին, թե ինչու է Վալերի Պերմյակովը մինչև այժմ գտնվում ռուսական ռազմաբազայում, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Որ պետության իրավապահ մարմինն ի սկզբանե այդ անձին վերցրեց իր իրավազորության ներքո, այս պահին գտնվում է տվյալ երկրի իրավազորության տակ»: Նա ասաց նաև, որ հանցագործության ծանրության աստիճանն առնչություն չունի իրավազորությունների տարածման փաստ հետ:

Տեսանյութեր

Լրահոս