Որքանով է խելամիտ համարում Գևորգ Կոստանյանը Վալերի Պերմյակովի ցուցմունքը
«Ազատություն» ռադիոկայանն ուղիղ եթերով հեռարձակում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մամուլի ասուլիսը:
Լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե որքանով է նա խելամիտ համարում Գյումրիում 6 անձանց սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի այն ցուցմունքը, որ քաղաք է դուրս եկել՝ շրջելու նպատակով: Ի պատասխան՝ Գևորգ Կոստանյանն ասաց.
«Ցուցմունքի խելամտությունը չի գնահատվում՝ ցուցմունքի բովանդակությամբ պայմանավորված:
Ցուցմունքի և որևէ այլ ապացույցի հավաստիությունը կամ արժանահավատությունը գնահատվում է այլ ապացույցների համակցության արդյունքում:
Երբ մենք արդեն կիրականացնենք մեր քրեադատավարական ամբողջ պրոցեսը, այդ թվում՝ այսօր մեր քննիչի կողմից համապատասխան մեղադրանք առաջադրելու դեպքում, բնականաբար, կհարցաքննվի նաև անձը՝ որպես մեղադրյալ, այլ ապացույցների համակցությամբ մենք կգնահատենք տվյալ ցուցմունքի արժանահավատության հարցը: Նոր հետո կպատասխանեմ այդ հարցին»: