Հունգարիան դիտարկում է Ադրբեջանից գազ ներկրելու հնարավորությունը. Սիյարտո
Բրիտանական Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Հունգարիան չեղյալ հայտարարված «Հարավային հոսք» գազատարի այլընտրանքների փնտրտուքի մեջ է.
«Հունգարիայի իշխանությունները Մոսկվային առաջարկում են օգտագործել իրենց գազապաստարանները, ինչպես նաև հույսեր են կապում այլընտրանքային նախագծերի հետ: Որքան շատ գազ պահվի այստեղ, այնքան լավ կլինի մեզ համար, ընդ որում՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:
2014 թվականին ռուական «Գազպրոմը» արդեն իսկ օգտագործել է հունգարական գազամբարները՝ այնտեղ մղելով 700 միլիոն խորանարդ մետրի գազ: Հունգարիայի իշխանություններն ընդգծում են, որ չեն պատրաստվում այդ գազապաստարանները վաճառել Ռուսաստանին:
Սիյարտոն հայտարարել է, որ ներկայումս իրենք մտադիր են ակտիվացնել բանակցությունները Թուրքիայի, Հունաստանի, Մակեդոնիայի ու Սերբիայի իշխանությունների հետ՝ Կենտրոնական Եվրոպայում նոր գազատար կառուցելու համար: Բացի այդ, Հունգարիան դիտարկում է Ադրբեջանից կամ Խորվաթիայից գազի ներկրման տարբերակները: